ԵՄ-ն ցանկանում է «Սպուտնիկ V»-ի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ
Եվրամիության անդամ 4 երկրներ քննարկում են ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութ արտադրողների հետ բանակցություններ սկսելու հարցը, գրում է Reuters-ը`ԵՄ-ում սեփական դիվանագիտական աղբյուրին հղումով:
Հայտնի է, որ Հունգարիան և Սլովակիան արդեն գնել են ռուսական դեղամիջոցը, դրա նկատմամբ հետաքրքրություն է հայտնել Չեխիան, իսկ Իտալիան արդեն իսկ ուսումնասիրում է Հռոմի մերձակայքում գտնվող իր ամենամեծ ReiThera կենսառեակտորում արտադրություն սկսելու հնարավորությունը:
Եվրոպական բժշկական գործակալությունը մարտի 4-ին սկսել է ռուսական պատվաստանյութի ուսումնասիրությունը: Գործընթացին ծանոթ աղբյուրը Reuters-ին տեղեկացրել է, որ այն կարող է վերջնականապես հաստատվել մայիսին:
Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:
https://www.tert.am/am/news/2021/03/15/sputnik/3552553