Եթե շրջապատել եք, ձերբակալեք, տեսնենք, թե ո՞նց եք այդ գործողությունն անում, էլ ի՞նչ եք ընկել աջ ու ձախ․ Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է, որ Ֆրանսիայի առաջարկը՝ ՄԱԿ ԱԽ մանդատի ներքո ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, լավ գաղափար է և պետք է ջանալ իրականացնել այն։
«Դա լավ գաղափար է։ Դրա համար պետք է գնալ ՄԱԿ, պետք է Անվտանգության Խորհուրդը նիստ անի, նիստի ժամանակ պետք է կարողանալ հարցը բարձրացնել և ստանալ այդ մանդատը։ Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Ռուսաստանը և Ֆրանսիան որոշեցին, որ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարց բարձրացնեն, ոչ մի բանի հասնել չստացվեց։ Հետո ասացին՝ երկիր է եղել, որ բլոկ է արել, իսկ Թուրքիան և Ադրբեջանը գլուխ էին գովում, որ կարողացան նաև ՄԱԿ ԱԽ-ում թույլ չտալ, որ իրենց դեմ ինչ-որ բաներ արվի։ Հիմա այս ամեն ինչն ունենալով՝ կարող ենք ասել, որ դա լավ գաղափար է, կարողանում են, թող անեն։ Ի՞նչ անենք, նստենք թախտին, սպասենք բախտին, կլինի՞, թե ո՞չ։ ՀՀ օրենքը սահմանում է, որ եթե կա սահմանախախտ, նրան պետք է շատ արագ չեզոքացնել, ձերբակալել կամ ոչնչացնել։ Այդ խնդիրները, 72 և ավելի ժամ է, չեն կատարվում։ Այնպես որ, իմ վերաբերմունքը գաղափարին շատ լավ է։ Ռուսաստանն էլ ասել է՝ 102-րդ բազայից զորքեր է տանում այնտեղ, սյունեցիներին էլ ասում են՝ մեզ բոլորիս տվեք դրոշակ՝ մեր գյուղում տնկենք։ Գաղափարների մեջ մի շարք է, որ պետք է նայել, թե որն է իրական։ Իրականն այն է, որ այսօրվա դրությամբ ռուսական զորքերն այնտեղ են և մեզ ասում են՝ հայկական զորքերն էլ են այնտեղ։ Երեկ կար տեղեկություն, թե հայկական զորքերը շրջապատել են ադրբեջանցիներին։ Եթե շրջապատել եք, ձերբակալեք, տեսնենք, թե ո՞նց եք այդ գործողությունն անում։ Էլ ի՞նչ եք ընկել աջ ու ձախ»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց Թևան Պողոսյանը։
Ըստ նրա՝ սահմանախախտերը հենց նույն րոպեին պետք է ոչնչացվեին կամ ձերբակալվեին, բայց իշխանությունները դրանից հետո դեռ ասում են՝ բանակցություն․ «Այսօր, օրինակ, ժամը 3-ին ինչ-որ բանակցություններ են, բայց դրանից առաջ էլ է եղել, սակայն ասում են՝ ոչինչ չի փոխվել։ Դիմել են ՀԱՊԿ-ին, սպասում են 3 օր ժամանակահատված, որ ինչ-որ բան լինի։ Գործողությունները պետք է ժամանակին անեին և այսօր էլ պետք է անեն, բայց պետք է անի Հայաստանի Հանրապետությունը։ Պետք է իրական հողի վրա անել։ Այսօրվա դրությամբ պետք է հայկական բանակը գնա ու վերականգնի մեր տարածքային ամբողջականությունը, կանգնեցնի զորքերը, հնարավոր թշնամիներին կամ սահմանախախտներին ձերբակալի, որ կարողանանք ապագայում փոխանակել մեր գերիների հետ»։
Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանում պատերազմը չի ավարտվել՝ սկսած 1994 թվականից։
«Մենք այսօր պատերազմի մեջ չե՞նք։ Ինչ-որ մեկը պատերազմը կանգնեցրե՞լ է։ 1994թ-ից ի վեր պատերազմը չի դադարել։ Եղել են զինադադարների համաձայնագրեր, մեկը՝ 1994 թ, մայիսի 12-ին, մյուսն անգամ համաձայնագիր չէ, հայտարարություն է՝ նոյեմբերի 10-ին։ Պատերազմը չի ավարտվել։ Մեծագույն սխալն այն է, որ մեր մտածելակերպի մեջ թվում է՝ խաղաղություն է։ Ո՛չ, խաղաղություն չկա, մենք պատերազմի մեջ ենք։ Թշնամին ամեն օր ասում է՝ Զանգեզուրը կտաս, չտաս՝ ուժով կվերցնեմ, Սևանը կտաս, չտաս՝ ուժով կվերցնեմ, Երևանն էլ եմ գալու վերցնեմ։ Նույնիսկ նախազգուշացնում է՝ խելոք եղեք, հենց այնպես գանք, ոչ թե տանկերով գանք։ Երբ պատերազմի մեջ ես, մի օր շատ են կրակում, մի օր քիչ, մի օր դիվանագիտական սեղանի շուրջ են կրակում, մի օր՝ տեղեկատվական դաշտում, մի օր բայրաքթարն է թռնում, մի օր էլ կարողանում ես գնալ և քո անվտանգությունը ապահովել, ինչպես, օրինակ, մեր հայրերն արեցին 1991-1994թթ-ին»։