Դուշանբեում «խաղաղության պայմանագիրը» դարձավ «հարաբերությունների կարգավորման պայմանագիր». CivilNet

Դուշանբեում «խաղաղության պայմանագիրը» դարձավ «հարաբերությունների կարգավորման պայմանագիր». CivilNet

Մայիսի 12-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո հրապարակվեց արտգործանախարների ողջույնի խոսքը, ինչպես նաև երեք երկրների ԱԳՆ-ների հաղորդագրությունները հանդիպման վերաբերյալ, որոնց մեջ տերմինաբանության հետաքրքիր փոփոխություն է տեղի ունեցել:

Մինչև հանդիպման արդյունքում հրապարակված տեքստերի վերուծությանը անցնելը անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ զարգացումների ֆոնին է տեղի ունեցել Դուշանբեի հանդիպումը և ինչ նպատակներ էր այն հետապնդում:

Եռակողմ այս հանդիպումը բնականաբար տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ: Ռուս-ուկրաինական պատերազմի պատաճառով Մոսկվան վերջին ամիսների ընթացքում զգալիորեն պասիվացրել էր իր ներգրավվածությունը հայ-ադրբեջանական համատեքստում: Ռուսաստանի պասիվությունը այս ընթացքում փորձում էր օգտագործել Եվրամիությունը, որը վերջին շրջանում ստանձնել էր հայ-ադրբեջանական համատեքստում գլխավոր միջնորդի դերը և լուրջ նախաձեռնողականությունն էր ցուցաբերում:

Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Խոսքը, մասնավորապես, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման ու խաղաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ արտգործնախարարներին տրված հանձարարականի մասին է:

Ռուսաստանում ԵՄ միջնորդությամբ ձեռք բերված այս պայմանավորվածություններին անթաքույց խանդով են վերաբերվում: Մոսկվան, օրինակ, պարբերաբար հայտարարում է, որ սահմանազատման ու սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Մոսկվան Եվրամիությանը մեղադրում է Ռուսաստանի միջնորդական ջանքերի արդյունքների սեփականաշնորհման փորձի մեջ:

Այդ առումով Դուշանբեի եռակողմ հանդիպումը կարևոր էր Ռուսաստանի համար առաջին հերթին իմիջային տեսանկյունից: Մոսկվան փորձում է ցույց տալ, որ նույնիսկ Ուկրաինայում ընթացող ակտիվ ռազմական գործողությունների ֆոնին կարողանում է ձեռքը զարկերակի վրա պահել նաև հայ-ադրբեջանական համատեքստում: Մոտ ապագայում հայ-ադրբեջանական տարբեր գործընթացներում որևէ առաջընթացի դեպքում Ռուսաստանը կարող է ցույց տալ, որ ակտիվ դեր է ունեցել դրանում: Խոսքը, մասնավորապես, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին է: Ի դեպ, Դուշանբեի հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, ինչպես 2021-ի Սոչիի հայտարարության մեջ, շեշտվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը տեղի է ունենալու Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

Այնուամենայնիվ, Դուշանբեի հանդիպման ամենահետաքրքրական պահը կապված էր Ռուսաստանի ու Հայաստանի արտգործնախարարների կողմից օգտագործված տերմինաբանության հետ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ողջույնի խոսքում, ի շարս այլ խնդիրների, նշեց Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևորության մասին:

Հարաբերությունների կարգավորման մասին խոսեց նաև Արարատ Միրզոյանը: Նա իր խոսքում ի սկզբանե օգտագործեց «խաղաղության պայմանագիր» եզրույթը, սակայն անմիջապես ինքն իրեն շտկեց՝ նշելով, որ երևի ճիշտ է օգտագործել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում» եզրույթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.civilnet.am 

Միացիր մեր կայքին