Դիմում գոյություն չունեցող դաշինքին, կամ Երևանի լրջանալու պահը․ 1in

Դիմում գոյություն չունեցող դաշինքին, կամ Երևանի լրջանալու պահը․ 1in

Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, կազմակերպության 2-րդ հոդվածից բխող քննարկման համար, որը պայմանավորված է Հայաստանի սահմանին առկա իրադրությամբ, Իշխանասարի և մի քանի այլ ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով:

Ինչ սպասել ՀԱՊԿ-ից՝ որպես արձագանք: Ամբողջ հարցն այն է, թե ինչը կլինի ՀԱՊԿ անդամների գնահատմամբ անհրաժեշտություն, և դրանից ինչպիսի գործողություն կբխի, ինչ տրամաբանությամբ: Օրինակ, կարո՞ղ է ՀԱՊԿ-ը կոշտ դիմել Ադրբեջանին, վերջնագրի տոնով, սպառնալով պարզապես ռազմական պատասխանով: Թե՞ ՀԱՊԿ-ը կդիմի Հայաստանին, ասելով, որ անհրաժեշտությունից բխում է ապահովել ռեգիոնալ կայունությունը և դրա համար ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին՝ սահմանային գոտում տեղակայելով այսպես ասած խաղաղապահ կոնտինգենտ կամ հատուկ արձագանքման ստորաբաժանումներ: Ի՞նչ տարբերակով կարձագանքի իր դաշնակից անդամ պետության սահմանների հանդեպ ոչ անդամ պետության ոտնձգությանը ՀԱՊԿ-ը: Այստեղ համենայնդեպս կա այսպես ասած նախապատմություն, երբ նախորդ տարիներին Ադրբեջանի գործողություններն արժանացել են ոչ թե ՀԱՊԿ անդամների հանդիմանությանն անգամ, այլ հակառակը՝ ՀԱՊԿ անդամները  Ադրբեջանի հետ ունեցել են դաշնակցային ու եղբայրական հարաբերություն: Հայաստանը ՀԱՊԿ-ին դրել է փաստի առաջ, ըստ էության, բայց այստեղ առկա է հարց՝ ինչ է անելու Հայաստանը, երբ ինքը հայտնվի ՀԱՊԿ ռազմա-քաղաքական «ինֆանտիլության» փաստի առաջ:

Միայն նրա համար, որ աշխարհը տեսնի, թե ինչ աստիճանի գոյություն չունեցող դաշինք է այդ հապավումը կրող կազմակերպությունը, արժեր դիմել։ Պետք է վստահ լինել՝ եթե ՀԱՊԿ-ը պատրաստ լիներ արձագանքել, ապա կազմակերպությունն ինքն ավելի շուտ կդիմեր Հայաստանին, քան դա կհասցներ անել Երևանը: Ըստ այդմ, ինչ ենք անում, երբ ՀԱՊԿ հերթական անգամ դրսևորում է այսպես ասած չեզոք անտարբերություն և անում հերթապահ հայտարարություններ: Իսկ դա թերևս ամենահավանական վարքագիծն է, որ հնարավոր է սպասել, դատելով նախորդ տարիների գործողություններից: 2014-15 թվականներին Ադրբեջանը ըստ էության պատերազմ էր վարում Տավուշի ուղղությամբ, պարբերաբար շաբաթներով լարելով իրավիճակն ու թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը, նույնիսկ անմիջական սահմանից հեռու: Դա որևէ կերպ հետաքրքրո՞ւմ էր ՀԱՊԿ անդամներին: Եթե այո, ապա թերևս Ադրբեջանին իրենց ռազմական և քաղաքական աջակցության գինը Բաքվի համար թանկացնելու տեսանկյունից: Նրանք իրենց լռությունն ու անտարբերությունը թերևս ավելի թանկ էին վաճառում Ալիևի վրա:

Հայաստանի դիմումը թերևս օգնել է նրանց էլ ավելի թանկացնել լռության գինն Ալիևի համար: Արժե՞ր այդ քայլը: Այո, եթե իր համար որոշում է հետագա քայլերի հաջորդականությունը՝ ինչ ենք անում, երբ բախվում ենք ՀԱՊԿ ավանդական և միանգամայն սպասելի անտարբերությանը: Եթե Հայաստանը չունի հաջորդ քայլը, ապա գուցե արժե այսօրվանից խորհել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին դիմելու մասին, Հայաստանի սահմանների հանդեպ ոտնձգության հարցը տեղափոխելով այնտեղ:

Հեղինակ՝ Հակոբ Բադալյան

Հոդվածն ամբողջությամբ՝ 1in.am

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին