ԳՇ հայտարարության տակ այլ պրոցեսներ կան․ հարցերի պատասխանները պետք է ստանանք

ԳՇ հայտարարության տակ այլ պրոցեսներ կան․ հարցերի պատասխանները պետք է ստանանք

Հասարակությունն այսօր բացահայտ ապացուցեց, որ ռազմական հեղաշրջում չի հանդուրժելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԳՇ հայտարարությունից հետո, երբ վարչապետը հայտարարեց, որ հեղաշրջման փորձ է կատարվում, և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում, բազմահազար քաղաքացիներ հետևեցին նրա կոչին:

«Հասարակությունը շատ լավ զգում է, թե որքան թուլացած է երկիրը և ընդամենը վերջին շաբաթներին է վերակենդանության նշաններ ցույց տալիս: Բայց կան շրջանակներ, որոնց ձեռնտու չէ երկրի վերակենդանացումը: Երբ ակնհայտ հայտարարություններ են հնչում՝ «պետք է ջարդել, պետք է փչացնել», հասկանում ես, որ նրանց նյարդայնացնում է այն, որ պետական ինստիտուտները ոտքի են կանգնում»,- նշեց Սաֆարյանը:

Անդրադառնալով հարցին, թե՞ արդյոք Գլխավոր շտաբի հայտարարության տակ, որով պահանջվում է կառավարության և վարչապետի հրաժարականը , կա որոշակի քաղաքական հաշվարկ, Սաֆարյանը պատասխանեց. «Կա: Կոնֆլիկտաբանության մեջ կան տերմիններ՝ «ձգան»՝ առիթ և խորքային պատճառներ: Կարծում եմ, որ առիթը վարչապետի վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարություններն էին, իսկ պատճառները շատ ավելի խորն են:

Կարծում եմ բանակում կան մարդիկ, որոնց առանց մեծ աղմուկի ինչ-որ գործեր էին հասնելու, կլիներ դա կապված պատերազմի հետաքննության հետ, Ջաբրայիլում առեղծվածային պատմությունների, թե Հադրութի կամ Շուշիի պատմությունների հետ, ակնհայտորեն ինչ-որ բան հասնելու էր ոմանց, տեսանելի էր այդ այսբերգի վերևի հատվածը, և դա միգուցե ավելի տեսանելի էր իրենց համար,և երկրորդ՝ այդ ամեն ինչը նաև տանում էր դեպի ընդդիմություն և նախկին նախագահներ: Ինչ-որ բանի մասին է խոսում նաև այն, թե սպառազինության գործով հարուցված գործերը դեպի ում շրջապատն են տանում, և ինչ-որ բան ասում է նաև երրորդ նախագահի ակտիվանալը վերջին շրջանում:

Անդրադառնալով «Իսկանդերի» վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիտարկումներին, Սաֆարյանը նկատեց, որ չտեսնված բան է, որ նախկին նախագահը, գլխավոր գերագույն հրամանատարը, ԱԱԾ պետ, Պաշտպանության նախարար աշխատած մարդը ռազմական գաղտնիք է հրապարակում:  Սարգսյանը չի հասկացել, թե դրանով ինչ է անում հենց ինքն իր դեմ»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ԳՇ հայտարարությունը ակնհայտորեն հակասահմանադրական է. «Նրանք իրավունք չունեն մասնակցելու քաղաքական խաղերի: Դա նաև ԶՈՒ մասին օրենքին  է հակասում»:

ԳՇ հայտարարության տակ այլ պրոցեսներ կան․ հարցերի պատասխանները պետք է ստանանք | 1in.am

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին