Գյումրիում կայացավ «Մաուգլ»-ի ներկայացման առաջնախաղը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 10-ին առաջնախաղով հանդիսատեսի դատին ներկայացվեց Ռ. Քիփլինգի «Մաուգլի» ներկայացումը:
«Մաուգլի» ներկայացման շրջանակներում թատրոնը համագործակցել է պարուսույց Արիկ Ասատուրյանի, նկարիչ Գարեգին Եվանգուլյանի, զգեստների նկարիչ Լուսինե Խաչատրյանի և այլ մասնագետների հետ: «Մաուգլին» վերջին 20 տարվա ամենալայնամասշտաբ բեմադրությունն է՝ավելի քան 60 դերասան է զբաղված ներկայացման մեջ՝ Գյումրու տարբեր թատերական խմբերից հրավիրվել են դերասաններ, թատերականի ուսանողներ, խմբեր են հրավիրված նաև Երևանից: Բեմը վերածվել է ջունգլիների: Ներկայացման համար նախատեսված ավելի քան 13 մլն դրամը դրամատիկականը սեփական բյուջեից է վճարել: Հագուստների ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարությունն է արել:
«Մենք խոսում ենք այս ներկայացման մեջ մարդու ու բնության ներդաշնակության կորստի մասին։ Երբ մարդը հեռանում է բնությունից, մարդկային արատները, ինչպիսիք են դավաճանությունը, սիրո պակասը, հավատարմությունը, հավատի կորուստը, այդ հատկանիշներն առաջ են գալիս։ Ջունգլիները մեր մոտ փոխաբերական իմաստ է, ջունգլիները հենց մեր կյանքն է։ Եվ ցույց ենք տալիս իրավիճակներ, թե ինչպես են կենդանիները կարողանում, երբ վտանգ է սպառնում իրենց ջունգլիներին, ինչպես են համախմբվում, կողքի են դնում իրենց խնդիրները ներանձնային և պայքարում են հանուն ջունգլիների։ Ներկայացումը փորձել եմ, որպես ռեժիսոր, իմ խմբի հետ անել ինչքան հնարավոր է անել շատ այսօրական շեշտադրումներով։ Շատերը ծանոթ հոգեվիճակներ, իրենց ծանոթ մարդկանց կհանդիպեն»,-ներկայացումից առաջ ասուլիսի ժամանակ նշեց թատրոնի տնօրեն և բեմադրության հեղինակ Լյուդվիգ Հարությունյանը շեշտելով ՝ ներկայացումն ավելի շատ մեծահասակների համար է ու շատ արդիական: «Թատրոնն իր պատմության մեջ ունեցել է մասշտաբային գործեր, սակայն «Մաուգլին» վերջին 20 տարվա ամենալայնամասշտաբ բեմադրությունն է: Ե՛վ մուլտը, և՛ ֆիլմը սիրված են, և երբ թատրոնի ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն առաջարկեց անդրադառնալ այս պիեսին, սիրով համաձայնեցի: Ներկայացումը բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել: Այն հնարավորինս արդիական շեշտադրումներ է պարունակում՝ լուսաբաց պիտի լինի, ինչպես մեր հերոսներից մեկն է ասում, մենք պիտի պայքարենք հանուն մեր վաղվա ճշմարտության։ Հուսահատություն չպետք է լինի; Կարծում եմ, այն ժամանակահատվածում, որ մենք ապրում ենք, պետք էր այս պիեսը»,-Լյուդվիգ Հարությունյանը։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը 35 տարի առաջ այս նույն բեմում Խորեն Աբրահամյանի բեմադրած «Մաուգլի»-ում Աքելա է խաղացել, այս ներկայացման Շերխանն էր լինելու: Այսօր սակայն, նա հուզված ու սրտի տրոփյունով հանդիսականի շարքում էր: Ներկայացման փորձի ժամանակ ստացված վնասվածքը դեռ չի ապաքինվել: «Մաուգլի»-ին դրամատիկականի վերջին 20 տարվա ամենամասշտաբային և ծախսատար ներկայացումն է: Դեկորների պատրաստել են հատուկ մասնագետները, զգեստները մոդելավորել ու կարել իրենց գործի գիտակները: