Գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաները Տավուշի մարզի դպրոցներում

Գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաները Տավուշի մարզի դպրոցներում

Կանաչ էներգիան և գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաները հասան մարզի դպրոցներ. ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պիլոտային մեկնարկը Տավուշում:

Այվըրի Հաքեթ Էվանս (ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի սննդի արժեշղթաների ծրագրերի բաժնի ղեկավար) – Ծրագրում ներառված են դպրոցամերձ պտղատու և հատապտղային այգիներ և ջերմոցներ: Ծրագրերը նպատակ ունեն օգնելու «Դպրոցական սնունդ» ծրագիրն ավելի բազմազան ու լիարժեք դարձնելուն: Նաև այդ դպրոցներում տեղադրում ենք արևային կայաններ` կանաչ էներգիա և էներգախնայողություն ապահովելու նպատակով:

Ներքին Ծաղկավան գյուղի դպրոցի հարակից՝ մոտ 1000 քմ հողամասում կողք կողքի միանգամից երկու մրգատու և հատապտղային ինտենսիվ այգի է հիմնվում: Խնձորի և սալորի 700 քմ այգին արդեն հակակարկտային ցանցապատ տանիք ունի, կաթիլային ոռոգման համակարգն էլ մի քանի օրից պատրաստ կլինի: Այգետունկը սպասվում է մարտի վերջին:

Վահան Առաքելյան (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող) – Կարևորում ենք այս կարգի տնտեսական ծրագրերը, որովհետև միավոր տարածքից 2,5-3 անգամ ավելի բերք է ստացվում, երբ որ կիրառում ենք գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաներ: Ստացված բերքը առաջին հերթին կուղղվի երեխաների սնունդը բազմազան դարձնելուն, բայց նաև որոշակի քանակ կվաճառվի և կօգտագործվի դպրոցի կարիքների համար: Նախատեսում ենք այստեղ ունենալ 20 կվտ հզորությամբ արևային կայան, որը կծածկի «Դպրոցական սնունդ» ծրագրի, նաև այգիների էներգետիկ ծախսերը:

Ծաղկավանցի դպրոցականները այս գարնանն անհամբեր են սպասում, իրենք կսովորեն, դեռ ծնողներին էլ կսովորեցնեն` քիչ ծախսով շատ բերք ստանալու գիտությունը: Տնօրենին զարմացրել է գյուղացիների աճող հետաքրքրությունը գյուղում առաջին ինտենսիվ այգու հանդեպ:

Դավիթ Յոլչյան (Ներքին Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն) – Ֆերմերներըհաճախ գալիս են, ուսումնասիրում: Տրամադրվել են համապատասխան միջոցներ, որ իրականացվի հետագա խնամքը: Նախատեսել ենք նաև բացել գյուղատնտեսական խմբակ և աշակերտներին ընդգրկել այգու պահպանման, խնամքի աշխատանքներում:

Ծրագրի շահառուները առայժմ մարզի 10 դպրոցներն են, որոցից 5-ում և՛ գյուղատնտեսական, և՛ արևային կայանների բաղադրիչներն են, մյուս կեսում` միայն կանաչ էներգիայի: Պատասխանատուները վստահ են՝ օրինակը վարակիչ կլինի համայնքների համար:

Վահան Առաքելյան – Կարևորվում է ուսուցման կոմպոնենտը, բարձր տեխնոլոգիաների ուսուցում ենք կազմակերպում դպրոցում երեխաների համար, նաև` համայնքում, երեխաների ծնողների և շահագրգիռ ֆերմերների համար, որպեսզի նրանք էս գաղափարը տեսնեն և տանեն իրենց տնտեսություն:

Հուսով են, որ Ծաղկավանում նոր այգին կծաղկի, աշնանն էլ կտա առաջին պտուղը:

https://www.1lurer.am/hy/2021/03/09/%D4%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9-%D5%A7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%8F%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B7%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/429646

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին