Գեղարքունիքի մարզում անցկացվեց շախմատի պատանեկան մարզային առաջնություն
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների մինչեւ 8,10,12,14 եւ 16 տարեկան դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվեց եւ անցկացվեց պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնություն։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցաշարը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակին: Պատանիների շախմատի մարզային առաջնության մրցումների ընթացքին հետեւելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարտի 5-ին այցելեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոց, որտեղ անցկացվում էին մրցումները: Մարզպետը շրջայց կատարեց դասասենյակներում, հետեւեց խաղերի ընթացքին:
Շախմատի պատանեկան առաջնության մարզային փուլին մասնակցեցին տարածքային փուլի արդյունքում հաղթող ճանաչված 68 դպրոցականներ: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Այն անհատական էր: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Առաջնության մարզային փուլի գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Մարզային փուլում մինչեւ 8 եւ 16 տարեկանների տարիքային խմբում մրցումները անցկացվեցին շրջանաձեւ մրցակարգով, իսկ մինչեւ 10, 12 եւ 14 տարեկանների տարիքային խմբում` շվեյցարական մրցակարգով: Մինչեւ 8 տարեկանների մրցապայքարում 1-ին տեղում էր Արման Ղազարյանը (Վարդենիկ), 2-րդ հորիզոնականում էր Վաչե Ավդալյանը (Սարուխան), իսկ 3-րդ հորիզոնականում՝ Սաղաթել Թադեւոսյանը (Վարդենիս): Մինչեւ 10 տարեկանների տարիքային խմբում ուժեղագույնն էր Սերգեյ Ղազարյանը (Վարդենիկ), 2-րդ տեղում էր Գագիկ Մխիթարյանը (Վարդենիկ), 3-րդ մրցանակային տեղում՝ Նարեկ Բազիկյանը (Գավառ): Մինչեւ 12 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավեց Տիգրան Սարիբեկյանը (Մարտունի), 2-րդն էր Հրանտ Մխիթարյանը (Վարդենիս), իսկ 3-րդը՝ Սուրիկ Ասլանյանը (Սարուխան): Մինչեւ 14 տարեկանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Կարո Սարգսյանը (Ճամբարակ), 2-րդ տեղում էր Նարեկ Սարգսյանը (Վարդենիկ), 3-րդ տեղում՝ Արտյոմ Խաչատրյանը (Սեւան): Մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում անգերազանցելի էր Ռաֆայել Բաբայանը (Ճամբարակ), 2-րդ տեղում էր Վիգեն Խաչատրյանը (Վարդենիս), 3-րդ մրցանակային տեղում՝ Սպարտակ Ղազարյանը (Մարտունի): Հաղթողները պարգեւատրվեցին հավաստագրերով եւ մեդալներով:
Առաջնության արդյունքներով կձեւավորվի մարզի հավաքական թիմը, որը մարտի 20-29-ին կմասնակցի Հայաստանի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ փուլին:
https://armenpress.am/arm/news/1045514.html