Բաքվի նպատակներից է ստուգել դիմադրողականությունը. Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ռազմական վերջին ագրեսիայի նպատակներից է ստուգել հայկական բանակի, միջազգային հանրության դիմադրողականությունը: Հայրապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում:
«Իմ դիտարկմամբ՝ Բաքվի նպատակներից մեկն է ստուգել դիմադրողականությունը: Վերջերս Ալիևն իր ելույթներից մեկում խոսում էր նրա մասին, որ հայկական պետություն, հայկական բանակ չկա: Եվ փորձում է այդ տրամաբանության ներքո հասկանալ դիմադրողականությունը և դիմադրողականության չափը»,-ասաց Հայրապետյանն ու կարևորեց ներքին կայունության պահպանումը:
Ըստ պատգամավորի՝ ստուգվում է նաև միջազգային հանրության դիմադրողականությունը: «Ալիևի վերջին վտանգավոր ելույթները Զանգեզուրի հետ կապված և նաև ուժի, սպառնալիքի կիրառման վերաբերյալ տեքստերը ցույց են տալիս, որ ինքը ստուգում է միջազգային հանրության դիմադրողականությունը»,-ասաց Հայրապետյանն ու հույս հայտնեց, որ միջազգային բոլոր գործընկերները համարժեք ձևով կարձագանքեն այս գործողություններին: