Բաքուն և Անկարան փորձում են Հայաստանի ձեռքով տապալե՞լ ՌԴ ռեգիոնալ օրակարգը

Բաքուն և Անկարան փորձում են Հայաստանի ձեռքով տապալե՞լ ՌԴ ռեգիոնալ օրակարգը

Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են զարգացնել ռեգիոնալ ենթակառուցվածքային ծրագրեր, և Հայաստանն էլ կարող է օգտվել դրանից, եթե իրեն լավ պահի: Այս մասին հայտարարել է Բաքվի ղեկավար Ալիևը:

44-օրյա պատերազմից հետո Ալիևի այսօրինակ հայտարարությունները ամենևին նոր չեն: Այդպիսիք անում են նաև Էրդողանը, Չավուշօղլուն, թուրք այլ պաշտոնյաներ: Մի կողմից՝ այս հայտարարությունները, այսպես ասած, թուրք-ադրբեջանական ոգով են, մյուս կողմից, սակայն, արժե թերևս դրանց նայել փոքր-ինչ այլ դիտանկյունից էլ՝ առնվազն իբրև համալիր քննության միջոց:

Նախ՝ շատ հետաքրքիր է, որ Ալիևն այս դեպքում խոսում է Անկարայի, Թեհրանի ու Բաքվի մասին՝ չտալով Մոսկվայի անունը: Ինչո՞ւ. դա, այսպես ասած, ձևաչափի շուրջ պահի տակ արտահայտված մի՞տք է, թե՞ «ռազմավարական բացթողում»՝ հեռուն գնացող ենթագիտակցական շերտերով:

Բանն այն է, որ Հայաստանի «լավ պահելու» մասին հայտարարությունները փոքր-ինչ տարօրինակ են հնչում մեկ այլ դիտանկյունից նայելով: Թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանն ու նրա մյուս ենթակաները խոսելով Հայաստանի մասին այդ տոնով և ոճով՝ թերևս լավ են պատկերացնում, որ դա Հայաստանում արժանանում է լիովին հակառակ արձագանքի՝ շատ բնականորեն իհարկե: Եթե մեզ վրա մատ են թափ տալիս, ապա միանգամայն հասկանալի է, որ ազգային արժանապատվությունը տրամաբանական է դիտարկում մատ թափ տվողի հետ չհարաբերվելը, մինչ հենց նա կսկսի իրեն պահել նորմալ: Եվ ուրեմն, Էրդողանն ու նրա Անկարայի և Բաքվի ենթակաները պարզապես «հոգեբանական հաճո՞ւյք» են ստանում Հայաստանի հետ այդ տոնով խոսելիս, թե՞ նրանք ակնկալում են հենց այդ հակառակ արձագանքի էֆեկտը, որպեսզի հայության մեջ խթանեն ազգային արժանապատվությունը և ըստ այդմ նաև՝ բացասական արձագանք և դիրքորոշում ռեգիոնալ հաղորդուղիները բացելու հեռանկարի հարցում: Այստեղ է, որ հատկանշական կարող է լինել Մոսկվայի մասին չհիշատակելու ալիևյան ենթագիտակցական «բացթողումը»:

Բանն այն է, որ չնայած նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եռակողմ քննարկումներին, որոնց առանցքում հաղորդուղիներն են, Բաքուն ու Անկարան ըստ երևույթին այդքան էլ ոգևորված չեն Ռուսաստանի այդ ձգտումով: Ռուսաստանը համակեցության այդ ռեժիմին ձգտում է իր վրա ռեգիոնալ ճնշումը թուլացնելու համար, քանի որ ուժային մեթոդներով Կովկասում դիրք պահելը նրա համար խնդրահարույց է՝ առնվազն քանի դեռ Մոսկվան պատրաստ չէ ուղիղ և կոշտ դիմակայության գնալ Անկարայի և Բաքվի հետ: Միևնույն ժամանակ, Բաքուն ու Անկարան ըստ երևույթին փորձում են տորպեդահարել այդ օրակարգը, այսինքն՝ Ռուսաստանի հովանու ներքո ռեգիոնալ համակեցության ռեժիմի առաջմղումը՝ հետագայում Մոսկվայի վրա ճնշումներ բանեցնելու հնարավորություններում չսահմանափակվելու համար: Սակայն փորձում են անել դա, այսինքն՝ տորպեդահարումն իրականացնել Հայաստանի ձեռքով՝ խթանելով Հայաստանում այն հակառակ արձագանքը, որը Երևանին կներկայացնի, այսպես ասած, հաղորդուղիների ապաշրջափակումն արգելակող:

Թվում է, որ Նախիջևանից Ադրբեջան կապը պետք է Թուրքիային ու Ադրբեջանին, և հենց իրենք են հաղորդուղիների ապաշրջափակման գլխավոր շահառուն: Նրանք իհարկե դեմ չեն այդ կապին և հետաքրքրված են դրանով, սակայն փորձենք գնահատել իրավիճակը ավելի լայն առումով: Ի վերջո, Ադրբեջանն ու Թուրքիան անշուշտ ունեն անմիջական կապի խնդիր: Մյուս կողմից, սակայն, Վրաստանը, օրինակ, շատ ավելի հուսալի կապ է Թուրքիայից Ադրբեջան, քան Հայաստանից Ռուսաստան: Իսկ քանի որ հարցը ներկայումս ռազմավարական հեռանկարներով դիրքավորումն է, ապա Անկարան և Բաքուն գուցե կարող են գնալ ուղիղ կապի հանգամանքը ներկայումս, այսպես ասած, զոհաբերելուն՝ ավելի լայն իմաստով Ռուսաստանի վրա ճնշում բանեցնելու հնարավորության համար: Հատկապես, որ Նախիջևանով կապը դեպի Ադրբեջան դեռևս պահանջելու է ենթակառուցվածքների նորոգում, ինչի համար կպահանջվեն մեկ-երկու տարի ժամանակ և շատ փող:

Մանրամասն տես՝

https://www.1in.am/2912570.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին