Բացահայտ կեղծիքի վրա հիմնված հակադարձումներ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Արձանագրումներ պահի թելադրանքով» վերտառությամբ հայտարարությունը բուռն արձագանքի արժանացավ հատկապես նախկին իշխանությունների եւ, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի քարոզչությամբ զբաղվող գործիչների շրջանում։
Հիշեցնենք, որ այդ հայտարարությամբ նախագահ Տեր-Պետրոսյանը ողջունել էր զինվորականության զուսպ պահվածքը՝ «որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ»:
Իսկ թե կոնկրետ ինչի էին դրդում զինվորականությանը այդ «որոշ ուժերը»՝ հայտնի է․ 17+ ֆորմատի շրջանակներում պայքարող ուժերը բացահայտ հայտարարում էին, թե բանակը պետք է ռազմական հեղաշրջում իրականացնի, եւ կոչ էին անում բանակի ղեկավարությանը չհապաղել այդ հարցում։
Եւ ահա Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո այդ «որոշ ուժերը» գրեթե միաժամանակ եւ նույն տեքստով հանդես եկան արձագանքներով՝ հայտարարելով, թե քաղաքական հարցերում բանակի զուսպ պահվածքը ողջունող Տեր-Պետրոսյանը երկակի ստանդարտներով է առաջնորդվում, եւ թե իբր 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ունեցած ելույթով ինքն էր փորձում բանակը ներքաշել քաղաքականության մեջ։
Նույնական այս տեքստերով արձագանքների ամբողջ զավեշտն այն է, որ հակադարձելու այլ փաստարկների բացակայության պատճառով ոչ միայն խեղաթյուրված է ներկայացվում Տեր-Պետրոսյանի՝ 2008 թվականի հետընտրական ելույթը, այլեւ՝ ամբողջությամբ «շուռ տված»։
Խոսքը, մասնավորապես, 2008 թվականի փետրվարի 22-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին է, որտեղ վերջինս խոսել էր պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ իր ունեցած հանդիպման մասին։
Այդ ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը բառացիորեն հայտարարել էր հետեւյալը․ «Երեկ հանդիպել եմ ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ։ Այս պահին Մանվել Գրիգորյանը, եւ նրան միացած մեկ այլ փոխնախարար՝ գեներալ լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ժողովրդի անունից, իսկ իշխանությունների անունից՝ ԳՇ պետ, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը, բանակցություններ են վարում։ Իմաստը հետեւյալն է՝ որ բանակի հրամանատարությունը՝ հանձինս Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի, հայտարարում է, որ Գրիգորյանը եւ Մելքոնյանը որպես փոխնախարարներ կանգնած են իրենց ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին, որ թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը եւ գործադրվի սեփական ժողովրդի դեմ։ Գրիգորյանը եւ Մելքոնյանը իրենց համարում են հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր, եւ ես վստահ եմ՝ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա նրանց»։
Ահա այս հայտարարությունն էլ փորձ է արվում ներկայացնել իբրեւ բանակը քաղաքականության մեջ ներքաշելու փորձ․ ի դեպ, ոչ առաջին անգամ։ 2008-ի մարտիմեկյան սպանդը եւս փորձ է արվում քողարկել այդ կեղծ փաստարկով՝ «արդարացնելու» համար այն, թե ինչու իշխանություններն այն ժամանակ բանակը ներքաշեցին հետընտրական զարգացումներում։
Բայց ամբողջ հարցն այն է, որ այս ելույթը ոչ միայն չի ապացուցում նախկին իշխանությունների այդ կեղծ պնդումները, այլեւ՝ ամբողջությամբ ջախջախում է դրանք, այդ պատճառով էլ, նշյալ ելույթը որպես իրենց կեղծ փաստարկների ապացույց բերելիս, ինչպես այն ժամանակ, այնպես էլ՝ հիմա, ելույթի ամենաառանցքային հատվածը չի հիշատակվում, եւ ներկայացվում է միայն առաջին երկու նախադասությունը, որպեսզի անտեղյակ հանրության մոտ իրոք տպավորություն ստեղծվի, թե այն ժամանակ նման փորձ է արվել։ Այսինքն, «թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը եւ գործադրվի սեփական ժողովրդի դեմ» պարբերությունն ուղղակի մոռացության են մատնում։
Պատճառն ակնհայտ է․ սա ամենաառանցքային հատվածն է, բանալին, որը բացատրում է, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Իսկ իրականում տեղի է ունեցել պարզ բան․ ընտրությունների հաջորդ իսկ օրվանից արդեն համառ լուրեր էին շրջանառում, որ իշխանությունները հետընտրական զարգացումները կանխելու համար զորքեր են բերում Երեւան, այսինքն՝ բանակը ներքաշում են քաղաքականության մեջ՝ խաղաղ ցուցարարներին ջարդելու նպատակով։ Ընդ որում, դրանք ոչ միայն պարզ ասեկոսեներ էին, այլեւ՝ հստակ տեղեկություններ, թե որտեղից որքան զինծառայող է բերվել Երեւան, որտեղ են տեղակայված եւ այլն։
Եւ ահա, հենց այդ տեղեկությունների ֆոնին էլ հնչում է այս հայտարարությունը․ որ երկու փոխնախարարներ ստանձնել են պատասխանատվություն թույլ չտալու, որ իշխանությունները ապօրինի կերպով բանակը ներքաշեն քաղաքականության մեջ ։ Այսինքն, փոխնախարարները ոչ թե բանակը ներքաշելու, այլ հետ պահելու պատասխանատվություն էին ստանձնել, այսինքն՝ անելու այն, ինչը նախատեսված է օրենքով։
Ահա այս պարզ ճշմարտությունը խեղաթյուրվեց եւ շարունակվում է ցինիկաբար խեղաթյուրվել այսօր էլ՝ փորձելով կեղծել պատմությունը եւ այն ամենը, ինչ տեղի է ունեցել հենց հանրության աչքի առաջ։ Կեղծել այն, ինչ հանրությունն իր աչքով է տեսել եւ մասնակից է եղել։ Հանուն իրենց իշխանության՝ բացահայտ ստել։
Իրականությունը, սակայն, այսպիսով, ակնհայտ է ու մեկն է․
2008 թվականին՝
– իշխանությունները չեն խորշել բանակը ներքաշել քաղաքականության մեջ եւ բանակի միջոցով իրենց իշխանության հարցը լուծել, դա համարել են լրիվ նորմալ երեւույթ, պարզապես, քանի որ դա օրենքով արգելված էր, փորձ են արել իրենց արածը վերագրել ընդդիմությանը։
– ընդդիմությունը՝ ի դեմս նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի, ոչ միայն բանակին ներքաշելու փորձ չի արել, այլեւ՝ բանակցություններ է վարել պաշտպանության փոխնախարարների հետ՝ նրանց միջոցով նման սցենար թույլ չտալու համար։
2021 թվականին՝
-նախկին իշխանությունները, որ արդեն «ընդդիմություն» են, ինչպես այն ժամանակ, այսօր եւս չեն խորշում իրենց իշխանության հարցերը լուծելու համար դիմել բանակի օգնությանը։ Դա անում են անթաքույց, բանակի ղեկավարությանը ինֆորմացիոն շանտաժների միջոցով ամեն օր կոչ անելով բառացիորեն ռազմական հեղաշրջում իրականացնել։
-Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես 2008 թվականին, այնպես էլ՝ հիմա, դեմ է բանակի ներքաշմանը, եւ բացահայտ հայտարարում է այդ մասին։
Իսկ թե ինչու է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այդպիսի ջղաձիգ արձագանքի արժանացել, կարելի է կռահել․ թերեւս՝ Առաջին նախագահն իր հայտարարությամբ փաստացի կասեցրել է բանակը հերթական անգամ ներքաղաքական հարցերում դերակատար դարձնելու՝ նախկին իշխանությունների փորձը։
Մանրամասն այցելիր՝ http://www.ilur.am/news/view/87517.html