Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այդ ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության, մարդկության նկատմամբ կատարված հանցագործության իրավական ձևակերպմանը:

«Սումգայիթյան ջարդերը Խորհրդային Ադրբեջանի օրվա իշխանության և նրանց հովանավորող ուժերի կողմից պետականորեն նախապես ծրագրված գործողություններ էին, որոնց թիրախում այդ քաղաքը կառուցած ազգությամբ հայ բնակիչներն էին: Այդ ամենին ուղեկցում էր անասելի դաժանությունն ու բռնությունը, թալանն ու կողոպուտը: Ազգային և կրոնական անհանդուրժողականության հողի վրա սկիզբ առած բռնարարքները համարժեք գնահատական չստացան Խորհրդային Միության քաղաքական ղեկավարության և միջազգային համապատասխան կառույցների կողմից, որի պատճառով ջարդերն ու բռնի տեղահանումները դարձան գործելաոճ Ադրբեջանի վարչախմբի համար, և հետագա ամիսներին նոր արհավիրքի զոհ դարձավ Բաքվի, Գանձակի, Կուրի ձախափնյակի  բնակչությունը: Շուրջ կես միլիոն հայություն Ադրբեջանից բռնատեղահանվեց, իսկ Հյուսիսային Արցախի բնիկ հայությունը զրկվեց հայրենիքից:

Հայտարարության մեջ նշվում է, որ Սումգայիթյան եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր 1988թ փետրվարին արցախահայության՝ իր  ազատության և ինքնորոշման համար սկսած պայքարին:

«ԼՂԻՄ խաղաղ բնակչությունը նույնպես հայտնվեց Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի թիրախում: Այն առավել անմարդկայնորեն  դրսևորվեց 2020թ աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմի ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ:

Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան եղեռնագործության և Ադրբեջանի ագրեսիայի զոհ դարձած հազարավոր մեր հայրենակիցների հիշատակին, դատապարտելով խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության  ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  խմբակցությունները 

կոչ են անում միջազգային հանրությանը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգող  երկրներին ու կազմակերպություններին՝ ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

https://armenpress.am/arm/news/1044696.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին