Արտաքին գործերի դիվանագիտական դպրոցը վերածվում է գրահրատարակչական օջախի․ ԱԳՆ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ դիվանագիտական դպրոցի հրատարակած երկու նոր գրքերի՝ «Պետական արարողակարգ» և «Հայաստանի դիվանագիտական դպրոց. Վկայություններ» գրքերի շնորհանդեսը։ Արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանի խոսքով՝ այսօրվանից դիվանագիտական դպրոցը վերածվում է գրահրատարակչական օջախի։
«Կարծում եմ, որ սա ոչ միայն դիվանագիտական դպրոցի գրահրատարակչական գործունեության սկիզբն է, և ապագայում լինելու է համակողմանի , համապարփակ և հարուստ բովանդակությամբ այլ հրատարակություններ ևս»,- նշեց փոխնախարարը։
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանն առանձնացրեց գրքերից երրորդը՝ «Հայաստանի դիվանագիտական դպրոց. Վկայություններ»-ը, որում տեղ են գտել իրենց տասնամյա աշխատանքների ամփոփումը, հաշվետվությունները, տարբեր ժամանակների իրենց գործընկերների վկայությունները։
«Հուսով եմ, որ գրքերը ինչ-որ չափով օգուտ կտան։ Մեր մասին պատկերացումը լիակատար կլինի տարբեր մարդկանց մոտ։ Լիահույս եմ նաև, որ գրքերը կհետաքրքրեն ապագա դիմորդներին, ովքեր ցանկանում են դիվանագետ դառնալ։ Գրքերը թերթելով՝ կտեսնեն, թե մենք ինչով ենք զբաղված, կտեսնեն, թե ինչի կարող են հասնել »,- ընդգծեց Գաբրիելյանը։
Վահե Գաբրիելյանը նշեց նաև, որ ապագայում, իհարկե, լույս կտեսնեն նոր գրքեր, կան ինչ-որ չափով արված աշխատանքներ, որոնք կարող են գրքի վերածվել։