Արվեստի ավելի քան երկու հարյուր ինքնատիպ նմուշ ներկայացվեց «Գարնանային սալոն» ցուցադրությանը

Արվեստի ավելի քան երկու հարյուր ինքնատիպ նմուշ ներկայացվեց «Գարնանային սալոն» ցուցադրությանը

Ավանդական դարձած «Գարնանային սալոն» խորագրով ցուցահանդեսում այս տարի ներկայացված է երկու հարյուր և ավելի ցուցանմուշ՝ քանդակներ, կտավներ, արվեստի այլ յուրատիպ գործեր:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Ցուցահանդեսին, որը բացվեց մարտի 1-ին Նկարիչների միությունում, ցուցադրված են միայն միության անդամների ստեղծագործությունները:

«Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան երկու հարյուր արվեստագետ, որոնց աշխատանքները ներկայացված են Նկարիչների միության երեք հարկում»,-ասաց միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ու հույս հայտնեց, որ ցուցանմուշները դուր կգան բոլոր այցելուներին: Նա ներկաներին շնորհավորեց գարնան առաջին օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, իսկ երկրին՝ խաղաղություն:

Նկարիչ Յուրի Խաչանյանը, որը ներկայացրել է «Տագնապ» կտավը, ասաց, որ համավարակը, պատերազմը իրեն ստիպեցին դադար առնել, հետո միայն շարունակել աշխատանքը: Նկարիչը չի մասնակցել «Աշնանային սալոն» ցուցադրությանը, հետո կարծել է, որ մեկուսանալը ճիշտ չէ և պետք է վերադառնալ միություն, որն իր հարազատ տունն է համարում, և մասնակցել «Գարնանային սալոն»-ին: «1981 թվականից Նկարիչների միության անդամ եմ և միշտ ակտիվ եմ եղել, հասարակական գործունեությամբ եմ զբաղվել, ստեղծագործել եմ: Ե՛վ իմ, և՛ միության համար հիմա նոր փուլ է սկսվում. անհրաժեշտ է վերադառնալ մեր ստեղծագործական կյանքին, ցույց տալ, որ ապրում ենք, շնորհալի, տաղանդավոր ազգ ենք: Փոքրաթիվ ենք, բայց արարում ենք: Վստահ եմ, որ յուրաքանչյուր նկարիչ  եթե ոչ 5 հազար, ապա հազար գործ ունի»,-նշեց Խաչանյանն ու հավելեց, որ  այդ գործերը մեր երկրի զենքն են:

Անդրադառնալով ոլորտի բացերին՝ նկարիչն ընդգծեց, որ չկան քննադատներ, որոնք կլինեն նկարիչների կողքին, կվոգևորեն նրանց: Խաչանյանի խոսքով՝ ժամանակին այդ գործառույթն իր ուսերին է վերցրել Հենրիկ Իգիթյանը, որը սերունդների է կրթել: «Շատ կցանկանայի, որ նկարիչների դուռը ծեծեին, հարցնեին, թե նրանք ինչ են նկարել, ինչ ծրագրեր ունեն: Կրկնում եմ, որ թե՛ միջին, թե՛ ավագ սերնդի փայլուն արվեստագետներ ունենք, որոնք հրաշալի գործեր են ներկայացրել, ինչը մեզ մեծ պատիվ է բերում: Այս ցուցահանդեսը մեր հաղթանակներից մեկն է»,-եզրափակեց Յուրի Խաչանյանը:

Նկարիչ Արթուր Հովհաննիսյանը «Գարնանային սալոն»-ում ցուցադրել է  Երևանը պատկերող եռանկար, որը մեկ ամբողջություն է: Կտավում իր տան պատուհանից բացվող տեսարանն է: Այս պարագայում ձմեռային տեսարան է: «Սա շարք է, որը ծնվել է վերջին ամիսներին: Նմանատիպ մի շարք աշխատանքներ եմ նկարել՝ պատկերելով տան դիմացի հատվածը, կողքը, շենքի տարբեր հատվածները տարբեր եղանակներին, օրվա տարբեր ժամերին:  Շարքը պայմանական անվանել եմ «Քաղաք» »,-նշեց նկարիչն ու խոստովանեց, որ կտավները ստեղծելիս մտածել է, թե ինչ գույն ունի Երևանը: Ըստ նրա՝ Երևանը երբեմն սպիտակ է, երբեմն վարդագույն է, հաճախ արևաշատ, երբեմն էլ մոխրագույն:

Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ ինչպես փոխվում են մարդկանց տրամադրությունները, ընկալումները, այդպես էլ փոխվում է հայացքը դեպի քաղաքը՝ կախված իրավիճակից, այս կամ այն իրադարձությունից, ժամանակահատվածից և այդպես շարունակ։

Արվեստի ավելի քան երկու հարյուր ինքնատիպ նմուշ ներկայացվեց «Գարնանային սալոն» ցուցադրությանը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին