Արման Հակոբյանն ընթերցողներին ներկայացրեց «Հիսուսի և դևերի արամեերեն» գիրքը

Բանասիրականգիտությունների թեկնածուԱրման Հակոբյանի «Հիսուսի և դևերի արամեերեն» աշխատությունը ներկայացնում է արամեերենի կարևորագույն գրական տարբերակներից մեկը՝ միջին պաղեստինյան արամեերենը (Ք.ա. II – Ք.հ. VII դդ.), որի լեզվական միջավայրում է ծնունդ առել քրիստոնեությունը, և այդ լեզուն իր հետքն է թողել Նոր Կտակարանում:
Գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին Մատենադարանում, բաղկացած է ներածական դասընթացի ութ և հիմնական դասընթացի քառասուն դասերից, պարունակում է ընդարձակ ընթերցարան, արամեերեն-հայերեն ու հայերեն-արամեերեն բառարաններ, բայական աղյուսակներ, հավելվածներ, արամեերենի պատմության համառոտ ակնարկ:
Արման Հակոբյանի խոսքով՝ պաղեստինյան արամեերենը բաժանվում է երեք խմբի՝ քրիստոնեական, սամարական և հրեական: «Այս գիրքն արամեերենին անդրադառնալու իմ երկրորդ փորձն է: Առաջինը «Դասական ասորերեն» դասագիրքն էր»,- ասաց հեղինակը:
Նա նշեց, որ արամեերենով կան, այսպես կոչված, տարգուներ, այս եզրույթից է գալիս հայերեն «թարգմանություն» բառը: «Կան մարգարեների գրքերի թարգմանություններ: Նոր Կտակարանը հունարեն է գրված՝ բացառությամբ մի քանի նախադասության ու բառերի, որոնք արամեերեն են և լուսաբանված են այս դասագրքում»,- ասաց Հակոբյանն ու հավելեց, որ Հիսուսի մայրենի լեզուն ևս արամեերենն էր, որով նա քարոզ էր իրականացնում:
Արման Հակոբյանը շեշտեց, որ արամեերենը մինչև հիմա էլ գործածվում է նույնիսկ Հայաստանում: «Հայաստանում ապրող ասորիներն այսօր խոսում են ասորերեն, որն արամեերենի տարատեսակներից է»,- նշեց Հակոբյանը:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանըհիշեցրեց, որ Արման Հակոբյանն աշխատել է Եգիպտոսում ՀՀ դեսպանատանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել Կանադայում, Բրազիլիայում:
«Նա զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, սակայն դրան զուգահեռ կարողացել է բոլոր տարիների ընթացքում նախանձելի աշխատասիրությամբ և արդյունավետությամբ մեկ տասնյակից ավելի գրքեր հրատարակել՝ նվիրված սեմական լեզուներին: Տիրապետելով արաբերենին, եբրայերենին, ասորերենին՝ այդ մշակույթը, քաղաքակրթությունը հայերեն գրքերի շարքով փոխանցել մեզ և մեծ ներդրում է ունեցել հայ ասորագիտության մեջ»,- ընդգծեց Տեր-Ղևոնդյանը:
Ըստ նրա՝ եթե ինքներս մեզ հարց տանք, թե հայ ազգը հատկապես որ ժամանակահատվածում է ստացել իր վերջնական կերտվածքը, ազգային դիմագիծը, ապա անկասկած կասենք՝ 3-4-րդ դարերից մինչև 6-7-րդ դարերը: «Իհարկե, հետո շատ փոփոխություններ են եղել, ազդեցություններ, փոխազդեցություններ, սակայն, հայ ասելով՝ առաջին հերթին այդ ժամանակահատվածն ենք պատկերացնում, քանի որ հենց այդ ժամանակ վերջնական տեսք են ստացել մեր լեզուն, բառապաշարը, քերականությունը, կրոնը, դավանանքը, այն, ինչ մենք այսօր ենք: Եթե հարցնենք, թե հատկապես որ մշակույթների, լեզուների, քաղաքակրթությունների հետ շփման մեջ է դա տեղի ունեցել, ապա պետք է հիշենք իրանական, հունահռոմեական կամ բյուզանդական և ասորական քաղաքակրթությունները»,- շեշտեց Մատենադարանի տնօրենն ու հավելեց՝ եթե ասորագիտությունը, բյուզանդագիտությունը, իրանագիտությունը մի կողմ դնենք, շատ կաղքատանան մեր ունեցած տվյալները և հաճախ այն, ինչը հայկական ենք համարում, չենք կարողանա բացատրել:
Նրա հավաստիացմամբ՝ տարբեր ժամանակահատվածներում ունեցել ենք և այսօր էլ ունենք բյուզանդագետների, իրանագետների, հունագետների պատկառելի վաշտեր, բայց ասորագետներին մատների վրա կարելի է հաշվել:
Վահան Տեր-Ղևոնդյանը հայ ասորագիտության նահապետ է համարում Երվանդ Տեր-Մինասյանին, որին հաջորդել են պատմաբան, աղբյուրագետ Հայկ Մելքոնյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Արման Հակոբյանը, որն իր հրատարակություններով մեծ դեր ունի ասորագիտության զարգացման գործում:
Մինչ «Հիսուսի և դևերի արամեերեն» գիրքը՝ Արման Հակոբյանը լույս է ընծայել «Արամեագիտության և ասորագիտության ներածություն», «Դասական ասորերեն», «Արդի եբրայերեն» և այլ գրքեր: