Առաջին անգամ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, և դա բավական կարևոր քննություն է այդ կառույցի համար․ Նարեկ Մինասյան

Yerevanlur-ի զրուցակիցն է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը։
– Պարոն Մինասյան, Հայաստանի սահմաններին իրավիճակը լարված է, Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, ի՞նչ սպասել այս գործընթացից։
– Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելու համար, ինչպես նաև իրավիճակի հետագա սրում թույլ չտալու համար։ Կարծում եմ՝ բավական ճիշտ ժամանակին կատարված քայլ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի այս սադրանքը, իմ կարծիքով, ունի հեռուն գնացող նպատակներ։
Ինչպես հայտնի է՝ Հայաստանը դիմել է՝ հղում կատարելով ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածին, ինչը նախատեսում է, որ որևէ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության համար սպառնալիքի առաջացման դեպքում տվյալ երկիրը կարող է նախաձեռնել կոնսուլտացիաներ՝ դիրքորոշումների համակարգման նպատակով։ Սա ենթադրում է, որ երեք ուղղություններով՝ Արտաքին գործերի նախարարությունների, Պաշտպանության նախարարությունների և Անվտանգության խորհուրդների մակարդակով ընթանալու են կոնսուլտացիաներ, որոնց հիմնական նպատակն է առաջարկների մշակումը՝ ստեղծված իրավիճակում առաջացած վտանգի չեզոքացման ուղղությամբ։
Ընդ որում, նախատեսված են ժամանակային սահմանափակումներ տվյալ քննարկումների համար։ Եվ պայմանական փաթեթը պատրաստ լինելու դեպքում, այն ներկայացվում է ՀԱՊԿ խորհրդի հաստատմանը, ինչից հետո արդեն այդ գործողությունները մտնում են ուժի մեջ։
– Այսինքն՝ ամեն դեպքում դա պրոցեդուրա է, որը ժամանակ է պահանջում։
– Այո, պրոցեդուրա է, որը, բնականաբար, պահանջում է ժամանակ։ Եվ այստեղ կարևոր է իրավիճակի ճիշտ գնահատումը և դրան համարժեք ճիշտ քայլերի մշակումը։
– Այս սահմանային իրավիճակի սրումը որքանո՞վ է կապված ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի՝ Հայաստան ու Ադրբեջան կատարած այցի հետ։ Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետև ՀՀ սահմանին սադրանքը հաջորդեց Լավրովի այցին։
– Չեմ կարծում, որ պետք է կապ գտնել՝ հաշվի առնելով պատերազմից հետո Ադրբեջանի անկանխատեսելի վարքագիծը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության տարբեր դրույթներ փորձում է աղավաղել և հավելյալ նոր պահանջներ առաջադրել Հայաստանին։ Օրինակներից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին պահանջն է, որը, բնականաբար, մտացածին է։ Հայասստանը նման որևէ ստանձնած պարտավորություն չունի։
Ադրբեջանը փաստացի չի կարողանում դիվանագիտական եղանակներով հասնել իր ուզածին։ Եվ չենք կարող բացառել, որ նման սանդրանքներով Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը հայկական կողմի վրա։ Սակայն դա ևս չի կարող արդյունք տալ, որովհետև տվյալ դեպքում մենք գործ ունենք Հայաստանի անվտանգության հետ ուղղակիորեն փոխկապակցված կարմիր գծերի հետ։
Միաժամանակ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի համար տարբեր զգայուն խնդիներ՝ դա կլինի թե՛ սահմանային ճշգրտումների հարցը, թե՛ ռազմագերիների վերադարձի հարցը, թե՛ այլ բնույթի հարցեր, օգտագործել Հայաստանի ներքաղաքական կյանքի, հանրային տրամադրությունների վրա ազդելու, մեր երկրում պարտվողական տրամադրություններ տարածելու և հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Եվ տարբեր առիթներով նրանք որոշակի հաջողությունների հասել են։
– Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր, որոնք այս մթնոլորտը թեժացնում են։
– Ես կարծում եմ, որ, ցավոք սրտի, Հայաստանում սրված ներքաղաքական պայքարն ինչ-որ առումով նպաստավոր միջավայր է ստեղծում ադրբեջանական գործողությունների հաջողությունը մեծացնելու տեսանկյունից։
– Ռուսաստանի կողմից կա՞ն հստակ հայտարարություններ, գործողություններ, խախտվել է ռազմավարական գործընկերոջ սահմանը։
– Դիտարկելով ռուսական կողմի գործողությունները՝ տպավորություն կարելի էր ստանալ, որ սկզբնական փուլում ռուսական կողմը փորձում էր գործել մաքսիմալ զգուշավոր, այսինքն՝ փորձելով ավելի շատ միջնորդական դիրքերից հանդես գալ, որպեսզի իրավիճակը հնարավորինս շուտ հարթվի։ Սակայն, ինչպես հայտնի է, բանակցությունները, որոնք սահմանին ընթանում են հենց ռուսական կողմի ներգրավվածությամբ, դեռևս արդյունքներ չեն տվել։ Միաժամանակ խնդիրը բավական մեծ հանրային հնչեղություն ստացավ, և տվյալ խնդրի հետ կապված արդեն սկսեցին դիրքորոշումներ արտահայտել նաև այլ դերակատարներ ևս։ Այն բանից հետո, երբ խնդիրն արդեն տեղափոխվեց ՀԱՊԿ հարթություն, բնականաբար, ռուսական կողմը՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, առավել հստակեցրեց իր դիրքորոշումը։
Պատահական չէ, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի շրջանակներում երկու կողմերն, ըստ էության, համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակի միակ լուծումը ադրբեջանական ուժերի հետ քաշվելն է իրենց նախնական տեղակայման վայրեր։ Սա բավական կարևոր ընդգծում է։ Եվ, իհարկե, նկատելի է նաև ռուսական կողմի ակտիվությունը՝ երկու կողմերի հետ տարբեր ձևաչափերով շփումների տեսանկյունից։ Այսինքն՝ Ռուսաստանը բավական ակտիվ երկխոսության մեջ է, որովհետև իրավիճակի՝ հնարավորինս արագ հարթումը բխում է նաև ռուսական կողմի շահերից։
Միաժամանակ պետք է ընդգծել, որ խնդիրը տեղափոխվել է նաև ՀԱՊԿ հարթություն, և դա ինչ-որ առումով բավական կարևոր քննություն է այդ կառույցի համար, որովհետև փաստացի առաջին անգամ անդամ երկիրը դիմել է կառույցին՝ իր տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման հարցով։ Սա և կառույցի հնարավոր գործողությունները կլինեն նաև բավական կարևոր ցուցիչ, որոնք կընդգծեն դրա կայացվածության մակարդակը։
– ԱՄՆ կոնգրեսականները, Ֆրանսիայի նախագահը հանդես են եկել Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության օգտին։ Հայաստանը պե՞տք է պաշտոնապես դիմի Արևմուտքին, այդ երկրների կողմից գործնական քայլեր կլինե՞ն։
– Բավականին կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ ու կոշտ գնահատական տա Ադրբեջանի սադրիչ քայլերին, քանի որ Ադրբեջանը փաստացի խախտել է միջազգային իրավունքը՝ մուտք գործելով ՀՀ ինքնիշխան տարածք։ Այս առումով ողջունելի են Ֆրանսիայի նախագահի հստակ և օբյեկտիվ գնահատականները։ Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունը ևս ունենար նման հստակություն, սակայն, ցավաք սրտի, բառակազմի առումով այն բավականին լղոզված էր, և խոսք էր գնում չհստակեցված սահմաների մասին, ինչը տվյալ պարագայում այդքան էլ տեղին չէ։
Կարևոր է, որ տարբեր ձևաչափերով ու մակարդակներով ևս հնչում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններ։ Նման միջազգային ճնշումը կարող է սթափեցնող լինել Ադրբեջանի համար՝ բացառելով իրավիճակի հետագա սրումը։