Առաջարկվեց կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագծին

Առաջարկվեց կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագծին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին երկու ընդդիմադիր խմբակցությունների նախագծին:

Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ նախագահը, սակայն, նշեց. «Ես բացարձակապես անհիմն եմ համարում պնդումներն այն մասին, որ ռազմական դրության մինչ այս պահը կամ և հնարավոր հետայսու հետաձգումը ունի որևէ ներքաղաքական դրդապատճառ»:

Նա փողոցում ընդդիմադիր շարժումները, վրանների առկայությունը համարեց դրա լավագույն ապացույցը:

ԱԺ նախագահը նշեց, որ, այնուամենայնիվ, լավագույն լուծումը կլիներ, եթե կառավարությունն ինքը ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, միջոցառումները քիչ-քիչ դադարեցներ և նախաձեռներ ռազմական դրությունը հանելը: Հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և Միրզոյանի խոսքով, մոտ ապագայում՝ մի քանի օրից, այսպես թե այնպես, կառավարությունը կամ իշխող մեծամասնությունն ինքը պետք է նախաձեռներ այս գործընթացը և հաներ ռազմական դրությունը:

ԱԺ նախագահն առաջարկեց հաշվի առնել այն հանգամանքը, որ կան քաղաքական պայմանավորվածություններ, ինչը առնվազն հանգուցալուծման ու քաղաքական կայունության վերականգնման ճանապարհ է: «Այսպիսով, ես առաջարկում եմ այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ընդառաջել մեր խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել նախագծին, հանենք ռազմական դրությունը՝ գուցե 5 օր, 7 օր ավելի շուտ, քան իմաստ ուներ»,- նշեց Միրզոյանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել նախագծին:

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից` Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված:

https://armenpress.am/arm/news/1046860.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին