Այս ամենը սաբոտաժի հետ կապելն այնքան էլ լուրջ չեմ համարում․ Անի Խաչատրյան

Այս ամենը սաբոտաժի հետ կապելն այնքան էլ լուրջ չեմ համարում․ Անի Խաչատրյան

«Գրեթե բոլոր նիստերին, որտեղ հասկանում եմ, որ ընդդիմությունն է քվորում ապահովում, ասում եմ՝ եկեք չգրանցվենք, թող հասկանան, որ ավագանու 33 անդամ պարտավոր է նիստին ներկա լինել։ Ընդդիմությունն իրավունք ունի այս պատժամիջոցը կիրառելու, սակայն մենք կարևոր նախաձեռնությունները երբեք չենք տապալում և կես ժամ հետո քվեարկում ենք՝ ցույց տալով, որ առանց մեզ չեն կարող վճռորոշ որոշումներ կայացնել։ Անկեղծ ասած՝ չէի էլ հիշում, որ այդ նիստին նույնն էինք արել»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

 Խաչատրյանի խոսքով՝ երեք տարվա ընթացքում ընդդիմադիրները մեկ-երկու նիստի են բացակայել, սակայն մեծամասնությունը՝ 57-ից 33 անդամները ներկա չեն եղել, որպեսզի քվորում ապահովվի․ «Այս ամենը սաբոտաժի հետ կապելն այնքան էլ լուրջ չեմ համարում։ Բացակայություններ միշտ եղել են, սա էլ ավագանու անդամների հերթական անպատասխանատվության արդյունքն էր, ես այստեղ ոչ մի սաբոտաժ չեմ տեսնում։

Ըստ նրա՝ տեղի ունեցածը քաղաքապետի շուրջ պտտվող իրադարձությունների համատեքստում է, և այս հարցը բարձրացրել են քաղաքապետին պաշտպանող ավագանու անդամները, որը, ըստ Խաչատրյանի, ինքնապաշտպանության ձև է։

«Այստեղ, սակայն, խնդիրը քաղաքապետինն ու նախագծինը չէ, այլ անդամների՝ նիստերին չներկայանալն է, ընդ որում ոչ միայն այս, այլև բոլոր նիստերի ընթացքում։ Չեմ կարող համաձայնվել այն պնդումներին, որ սա սաբոտաժային քայլ էր ավտոբուսների չգնման համար։ Չմոռանանք, որ դրա համար շահագրգիռը Կառավարությունն էր, որը գումար էր տրամադրում և չեմ կարծում, թե իրենք կփորձեր տապալել նախագիծը։ Քաղաքապետը, սակայն, չուներ իր խմբակցության վրա ազդելու հնարավորությունը։ Այստեղ քաղաքապետի ուժի հարցն է։ Եթե նա չի կարողանում սեփական խմբակցությունը կառավարել, դա խնդիր է»,-նշեց Խաչատրյանը։

«Լույս» խմբակցության անդամի խոսքով՝ նախկին գումարման ավագանիում իշխող «Հանրապետական» խմբակցությունը գրեթե միշտ ամբողջ կազմով ներկա է եղել նիստերին, բացակայություններն էլ լուրջ պատճառներ են ունեցել․ «Դա խմբակցություն-քաղաքապետ փոխադարձ հարգանքի արդյունքն է։ Ես նույնիսկ անդամների գիտեմ, ովքեր Միացյալ Նահանգներում կամ Մոսկվայում գտնվելով նիստի օրը վերադառնում էին Հայաստան՝ ավագանու նիստին մասնակցելու, քանի որ մեծ հարգանք ունեին քաղաքապետի նկատմամբ, ով վաստակել էր այն»։

«Նորից կրկնում եմ՝ մեր հաշվին քվորում ապահովելու նիստերի ժամանակ ասում եմ՝ եկեք չգրանցվենք։ Մենք կես ժամ հետո գալու էինք և քվեարկելու նախագծին, ինչպես եղել է մյուս բոլոր դեպքերում։ Իմ շուրջը պտտվող խոսակցությունների մասին պատասխանել եմ տիկին Աբգարյանին, ով երեկ ստանալով իր պատասխանը՝ այսօր կրկին մանիպուլացրել է այդ հարցը։ Զավեշտալի է։ Երբ տեսա, որ տարածում էր գտնում տիկին Աբգարյանի սուտը, այդ պատճառով պատասխանեցի, այլապես տիկին Աբգարյանին չեմ համարում այն ֆիգուրը, որին պետք է պատասխանել»,- հավելեց զրուցակիցը։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին