ԱՄՆ-ն Թայվանին կօգնի սեփական ստորջրյա նավատորմի ստեղծման հարցում
Միացյալ Նահանգները հավանություն է տվել Թայվանի սեփական ստորջրյա նավատորմի ստեղծման ծրագրի շրջանակում հիմնական սարքավորումների բաղադրամասերի վաճառքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով South China Morning Post–ին։
Կղզու պաշտպանության նախարարությունը չի նշել պայմանագրերի արժեքն ու Միացյալ Նահանգներից գնված տեխնոլոգիաների ճշգրիտ անվանումները, սակայն թերթի ռազմական աղբյուրը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը 2020 թվականի դեկտեմբերին և այս տարվա հունվարին հաստատել է թվային հիդրոտեղորոշիչների և փոխհամաձայնեցված մարտական համակարգերի արտահանման թույլտվությունների տրամադրումը, իսկ արդեն փետրվարին Ջո Բայդենի վարչակազմը հաստատել է պերիսկոպիկ համակարգերի արտահանման թույլտվության տրամադրումը:
Թայվանն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել այս բաղադրիչները և պետք է հույսը դնի Միացյալ Նահանգների վրա:
Սեփական սուզանավերի ստեղծման նախագիծը նախաձեռնել էր Թայվանի կառավարությունը դեռ 2016 թվականին` չորս սուզանավից բաղկացած հնացող նավատորմն ութ նոր սուզանավով համալրելու համար: Առաջին նախատիպը Թայբեյի ծրագրի համար կարժենա 1,7 միլիարդ դոլար, այն պատրաստ կլինի 2024 թվականին և կգործարկվի 2025–ին։ Ստեղծման աշխատանքներն սկսվել են անցյալ տարվա նոյեմբերին։
Պարբերականը նշել է, որ նախկինում Միացյալ Նահանգները դժվարությամբ է նման վաճառքի գնացել՝ մտավախություն ունենալով, որ դրանք հասանելի կլինեն Պեկինին։ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Թայվանին Թայբեյի և Պեկինի միջև լարվածության ֆոնին։ Չինաստանի ԱԳՆ պնդմամբ, Վաշինգտոնի և Պեկինի միջև ամենազգուշավոր հարցերից մեկը Թայվանի հարցն է։ Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունները բողոքել են Թայվանին զենք մատակարարելու Միացյալ Նահանգների քաղաքականությունից։
https://www.tert.am/am/news/2021/03/17/Taiwan/3554795