Ալիևը դժգոհ է ապաշրջափակման գործընթացի բանակցային բովանդակությունից

Ալիևը դժգոհ է ապաշրջափակման գործընթացի բանակցային բովանդակությունից

Հունիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Բաքվի գլոբալ ֆորումի բացմանը, որի ընթացքում հերթական անգամ մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել:

Ալիևը, մասնավորապես, մեղադրել է Հայաստանին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում ժամանակ ձգելու մեջ: Նա նշել է, որ Երևանը նոյեմբերի 10-ի հայտարարությամբ պարտավորություն էր ստանձնել Ադրբեջանին տրամադրել այդ ճանապարհը, սակայն մեկուկես տարի անց այն դեռ չի գործում:

Ադրբեջանի նախագահը նորից զուգահեռներ է տարել մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի ու Լաչինի միջանցքի միջև՝ նշելով, որ Ադրբեջանը պատերազմի ավարտից հետո անմիջապես Հայաստանին անխոչընդոտ կապ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հետ: Ալիևը այս հարցում արդյունքի բացակայությունը համեմատել է Ղարաբաղյան խնդրի շուրջ երեսնամյա բանակցությունների հետ, երբ, ըստ նրա, Հայաստանը ժամանակ էր ձգում, և դրա արդյունքում պարտվել է մարտադաշտում: Ամփոփելով իր ելույթի այս հատվածը` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ եթե իրենք չստանան «Զանգեզուրի միջանցքը», դժվար է լինելու խոսել խաղաղության մասին:

Ալիևի այս մեղադրանքներին ու սպառնալիքներին հաջորդ օրը արձագանքել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցերին՝ Միրզոյանը, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը ամբողջ ընթացքում քննարկումներում ներգրավված է եղել բարեխղճորեն, և գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ»:

Այս պաշտոնական արձագանքից բացի ՀՀ իշխանությունները, լոյալ տեղեկատվական ռեսուրսների միջոցով ապաշրջափակման գործընթացին առնչվող մի փաստաթղթի նախագծի արտահոսք են իրականացրել, որը Երևանի կողմից Բաքվին է ներկայացվել 2021 թվականի դեկտեմբերի 25-ին և մերժվել:

Ալիևի նմանատիպ հայտարարությունների պատճառը հասկանալի է: Բաքուն, ամենայն հավանականությամբ, դժգոհ է ապաշրջափակման գործընթացում առկա բանակցային բովանդակությունից: Հիշեցնենք, որ հունիսի սկզբին երևանյան իր այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին պարզեցված ռեժիմ է լինելու, բայց այն միանշանակ հիմնված է լինելու հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա:

Լավրովի այս հայտարարությունից օրեր անց «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ այդ ճանապարհի գործարկման դեպքում նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.civilnet.am

Միացիր մեր կայքին