Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախագիծն ընդդիմության հերթական շոուն է, նրանք այլ օրակարգ ի վիճակի չեն սպասարկել․ Ռոբերտ Ղևոնդյան

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
–Պարոն Ղևոնդյան, «Հայաստան» խմբակցությունը «Ալեն Սիմոնյանին Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ» օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Երեկ հայտնի դարձավ նաև, որ «Պատիվ ունեմ»-ը ևս կողմ է քվեարկելու նախագծին։ Ձեր դիտարկմամբ՝ ընդդիմության այս քայլն ի՞նչ քաղաքական նպատակներ ունի, երբ ակնհայտ է, որ չունեն մեծամասնություն և քվեարկության իմաստով հաջողության հասնել չեն կարող։
–Սա հերթական շոուն է, որով տևական ժամանակ է զբաղվում է խորհրդարանական այսպես կոչված ընդդիմությունը։ Նրանք ռեալ քաղաքական օրակարգ սպասարկել ի վիճակի չեն, նրանց նպատակներն ու միտումները բոլորովին այլ են, զբաղված են հասարակության աչքեին թող փչելով, թե ինչ-որ գործ են անում։ Նմանատիպ շոուներին էլի ենք ականատես եղել և ակնհայտ է, որ դեռ էլի կտեսնենք։ Նման մի շոու էլ սա է, քաղաքական ուժերը փորձում են այսպիսով գործելու իմիտացիա ստեղծել իրենց համակիրների շրջանում։ Այսինքն՝ այն մարդկանց շրջանում, որոնք միանշանակ դեմ են այս իշխանություններին և պատրաստ են ցանկացած գնով՝ նույնիսկ Հայաստանի պետականությանը վնաս հասցնելով իշխանություններից ազատվել։
-Կարծում եք խորհրդարանական ընդդիմությունն ունի՞ հասարակական աջակցություն։
-Իհարկե ունի ՝ այն հատվածով, ինչ հատվածով որ իրենք հայտնվել են խորհրդարանում։ Իրենց հետևորդները միանշանակ սպասարկում են այն օրակարգը, որի համար իրենք գնացել են Ազգային ժողով։ Իսկ այդ օրակարգն ամեն գնով իշխանությանն աշխատելու հնարավորությունից զրկելն ու վնաս տալն է։ Նրանց խորհրդարան են գործուղել հենց դրա համար, որ գնան ու իշխանությանը վնաս տան՝ անկախ նրանից դա մեր պետությանը վնաս կլինի՞, թե՞ ոչ։
-Անկասկած է, որ այս փուլում իշխանություններից կա որոշակի հասարակական դժգոհություն, Ձեր կարծիքով նմանատիպ նախաձեռնությունները էլ ավելի՞ են բարդացնում նրանց վիճակը։
–Կոնկրետ այս նախաձեռնությունը չեմ կարծում, որ կարող է հարված հասցնել իշխանություններին, որովհետև այստեղ ընդհանրապես լուրջ օրակարգի մասին խոսելու տեղ չկա։ Բայց ընդհանուր առմամբ այդ շոուները որոշ չափով իհարկե թմբկահարվում են, դրանք որոշ չափի համակիրների կողմից շահարկվում են և դրանով դա իրականացնող քաղաքական ուժերին էլ որոշ դիվիդենտներ բերում են։ Այնուամենայնիվ, մյուս կողմից էլ պետք է նշենք, որ իշխանությունը դեռևս ունի այնպիսի լեգիտիմություն, որը կասկածի առարկա չէ և որը կարող է թույլ տալ իշխանություններին շարունակել իրականացնել իրենց նախընտրական ծրագիրը։
-Հասկանալի է, որ նույնիսկ եթե Ալեն Սիմոնյանը հրաժարական տա, խորհրդարանի նոր նախագահն էլի մեծամասնությունից է լինելու։ Այդ դեպքում ինչու՞ է թիրախավորվում Սիմոնյանը, կարծում եք միայն գերիների հետ կապված հայտարարության համա՞ր։
–Հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք, երևի թե Ռուսաստանի գործոնը։ Անկեղծ ասած՝ ես չունեմ տեղեկություններ՝ արդյոք Ռուսաստանի կողմից կա դժգոհություն Ալեն Սիմոնյանի հետ կապված՝ հայտնի իրադարձությունների պատճառով։ Այնուամենայնիվ դա հնարավոր է։ Բայց պետք է մի կարևոր բան չմոռանանք․ նշված կոնտինգենտը թիրախավորում է իշխանության այն հատվածը, որը տվյալ պահին թույլ է։ Այս պահին հնարավոր է թույլ է Ալեն Սիմոնյանը՝ կապված իր այն հայտարարության հետ, որը ոչ միանշանակ ընդունվեց հասարակության մեջ գերիների հետ կապված։ Եվ բնական է, որ նրանք էլ հարվածում են թույլ կետերին։ Դա նշված կոնտինգենտի ու խորհրդարանական ընդդիմություն կոչվածի ռազմավարությունն է՝ գտնել թույլ կետեր ու հարվածել դրանց։
-Պարոն Ղևոնդյան, իսկ ընդդիմության աշխատանքը խորհրդարանում առհասարակ տեսանելի՞ է, որքանո՞վ է ընդդիմությունն իրեն արդարացնում՝ նկատի չունեմ նմանատիպ նախաձեռնություններն ու կառավարությանը սուր հարցադրումներ հնչեցնելը, այլ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ այդ դաշտում աշխատանքը։
-Իհարկե նրանք չեն էլ թաքցնում, որ հայտնվել են խորհրդարանում ոչ թե աշխատելու համար, այլ իշխանությանը խանգարելու։ Նրանք անում են ամեն ինչ իշխանություններին խանգարելու համար։ Եվ իհարկե իշխանություններն էլ այնքան սուրբ չեն, նրանք էլ ունեն խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնվի, որոնց հետ կապված նույնիսկ պետք է վիճել իշխանությունների հետ։ Բայց այլ բան է խնդիրները վեր հանել ու խնդիրների լուծում պահանջել և բոլորովին այլ բան է աշխատել հնարավորինս վնաս տալ։ Այդ քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս վնաս տալ իշխանությունների աշխատանքին՝ ինչպես որ նշեցի։ Հասկանալի է, որ մենք չենք կարող տեսնել աշխատանք, եթե մարդիկ չեն եկել աշխատելու։ Ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը, եթե մարդիկ եկել են խանգարելու։ Կար մեկ տեղ, որտեղ նրանք աշխատում էին դա միջազգային կազմակերպություններում խորհրդարանական ձևաչափով մասնակցությունն էր, բայց Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը հայտարարեց, որ այլևս չեն մասնակցելու։ Այսինքն՝ նրանք ընդհանրապես աշխատել չեն ցանկանում։ Իսկ իշխանությունները շատ մեծ մեղավորություն ունեն, որ այդպիսի քաղաքական ուժը հնարավորություն է ստացել հայտնվել խորհրդարանում ու հայտնվել է։
Մարիամ Գրիգորյան