Ազգային ժողովն այսօր ժամը 18։00-ին արտահերթ նիստ կգումարի

Այսօր՝ ժամը 18։00-ին, ՀՀ ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ քննարկելու սահմանային իրավիճակը։ Նախաձեռնողը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է, ստորագրահավաքին միացել է նաև «Լուսավոր Հայաստանը»։
Քիչ առաջ կայացած ԱԺ խորհրդի նիստում որոշում է կայացվել արտահերթ նիստ անցկացնելու մասին։ Այն բաց է լինելու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, նիստում պետք է քննարկվի Սյունիքում, Գեղարքունիքում ստեղծված իրավիճակը, կա նաև հայտարարության նախագիծ, որով դատապարտվում է ադրբեջանական կողմի ագրեսիան:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: